ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Տիարն ու տիկինը` ԱՄՆ-ի և ոտանավորի արանքում

Տիարն ու տիկինը`  ԱՄՆ-ի և ոտանավորի արանքում
05.04.2019 | 02:32

Բոլորի խաղն այս պահին առչվում է մեկ` Ղարաբաղյան խնդրին: ՈՒ քանի որ ուղտի պարը բռնում է կամրջին, հայաստանյան իշխողի դեպքում` գյուղից տուն գալու ճամփին` ոտանավորի տեսքով, ստիպված ենք դիտարկումն սկսել հոգեբանական բաղկացուցչից:
Սյուրռեալիստակա՞ն, թե՞ օրինաչափ վիճակ է, որ երկրի լրագրող-ղեկավարը պրոզայից անցնում է «պոեզիային», ընդ որում, գնալով ենթագիտակցական այդ մատնումը դառնում է ոչ կատարյալ (մեզ թույլ չենք տալիս եզրութաբանել այն «անտաղանդ» բնորոշմամբ): Հասկանանք` ինչու՞ պոպուլիզմն այլևս նրա մոտ չի ստացվում: Ոտանավորն «այդտեղ» է ծնվում. ծխախոտի մնացուկների հավաքագրումը իր խտացումն է ստացել ենթագիտակցության մեջ ու ներհոսում է ոտանավորի տեսքով:


Ասել ենք, պնդելու ենք` այս հեղափոխության ամբողջ տեխնոլոգիան, կատարումը, անձերը, հիմնականում` առաջնորդը, աստրալ որակում էին: Հիմա էներգաթափում է տեղի ունենում, որի լավագույն ցուցիչը ասպարեզ նետված ոտանավորն է, որի կոդային ու նշանային համակարգը բացելիս կարելի է ստանալ այն ամենը, ինչ կատարվում է այսօր հայոց տնտեսության, անվտանգության, քաղաքական, դիվանագիտական և, իհարկե ու առաջին հերթին, Ղարաբաղյան խնդրում: Իսկ «կատարվում» է ներասյբերգային գործընթաց` Ղարաբաղյան նոր զարգացումների ենթատեքստով: Շեշտադրենք. հանդիպում Վիեննայում` հակամարտող երկրների ղեկավարների միջև, ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանի աննախադեպ հայտարարություն, որով փոխվում է հայկական մոտեցման տրամաբանությունը` փոշիացվում Դուշանբեի «վերելակային ձեռքբերումը» (ժամանակ լինելու դեպքում կարելի էր և անդրադառնալ Փաշինյանի` առ Տոնոյան «խանդի նոպային», ֆրոյդիստական այլ դրսևորումներին` ընդհուպ մինչև Վանեցյան, վերջինիս մոր` «պարտականությունների չկատարման» պատճառով աշխատանքից ազատում, բայց... առաջ անցնենք), Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների հետ` Ղարաբաղի մասին, տիկնոջ` Աննա Հակոբյանի ամերիկյան այց, Կոնգրեսում (շա՜տ բարձր է հնչում) ելույթ, հանդիպումների անդադար շարք (հիշեցնենք` Վիեննայի հանդիպմանը զուգընթաց լրատվական (ռուսը կասեր՝ արտահոսք եղավ), որ ԱՄՆ մեկնող ինքնաթիռում Աննան ու Մեհրիբանը նույն սալոնում են եղել` կողք կողքի. հասկանալի է, «հոսքը» հերքվեց, լուրջ նստվածքը` մնաց, ընդ որում, լուրն այնքան էլ հեռու չէր իրականությունից` հարցադրմամբ. իսկ ինչու՞ ոչ:


Անկախ Մեհրիբան խանումի հետ նույն օդը «շնչել-չշնչելու» հանգամանքից, ակնհայտ է` տիկինը (Աննան), որը կարծես միջազգային խաղում որոշակի դերակատարություն ունի (հենց այնպես չէ նա Նիկոլի հետ նույն ինքնաթիռում հայտնվում, թռչում դես, թռչում դեն), այս պահին ԱՄՆ-ում հենց այնպես չի հայտնվել, ինչ փաթեթավորմամբ էլ այդ այցը ձևակերպվի:
Ի սկզբանե` հեղափոխության ընթացքում (իսկ մենք կարծում ենք` դրանից էլ առաջ) «դերերը» ընտանիքում բաժանված են եղել, ամենքն ունեցել են իրենց առաջադրանքը` ողջ ժամանակահատվածի համար: Մոդելավորումն է այդպիսին եղել: Ճիշտ է, տիկինը փոքր-ինչ գերակտիվություն հանդես բերեց, սակայն մաքսիմում ծրագիրը դեռ շարունակում է իրականացնել: Տեղյակ ենք` ԱՄՆ-ը Ղարաբաղյան հարցում ունի ուրույն տեսակետ և շտապում է այն իրականացնելու հարցում: ԱՄՆ-ը միշտ է այդպես շտապել, երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, նոր ընտրություն. այս կամ այն գործարքի «պապայությունն» ստանձնելով` փորձել է պարտադրել իր տեսլականը, հիմնականում` Հայաստանին: Երկու հստակ պատճառով. Ռուսաստանը տարածաշրջանում իրացվում է հենց Հայաստանի միջոցով: Եվ ապա. Հայաստանը «թույլ օղակ» է: ԱՄՆ-ն իր մոտեցումները դրսևորել է «տարածքներ` խաղաղության դիմաց» ձևակերպումով` Տեր-Պետրոսյանի ժամանակ, հետո Մեղրու տարբերակն էր, հետո էստակադայի, հետո` հայ-թուրքական արձանագրություններն էին… ու ոչինչ չի ստացվել:


Այս անգամ ԱՄՆ-ը կարծես պինդ է բռնել «գլխից»: Սակայն ասացինք` պարոն Պուտինը «հեռախոսազրույց» է ունեցել կողմերի հետ, ասել է` Ռուսաստանն էլ է պինդ բռնել: Եվ ԱՄՆ-ի Ղարաբաղյան խնդրի մոտեցման գերնպատակը` հանել Ռուսաստանը տարածաշրջանից, այն վերցնել իր ազդեցության տակ` լուծելով Ղարաբաղյան հարցը, կարծես կրկին չի ստացվում: Այն պարզ պատճառով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանը դա չի ցանկանում: Եվ այստեղ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը շատ խոր են համընկնում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ